Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկ-արվեստագետ

ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը

ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը

–   Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին: Ամռան այդ ամսին նրանք հատկապես առատ էին ծաղկում` դաշտերում, մայթեզրերին, քարուտների մեջ և ամենուր` երկնքի կապույտ արցունքներ ասես ծովացած, կապտաթույր ալիքներ էին մեղմիկ գլորվում այս ու այն կողմ:


Մի անգամ տատին հարցրել էր.


–   Տատ, ի՞նչ է այս ծաղկի անունը:


–   Զորավոր ծաղիկ է, համ ծաղիկ է, համ` դեղ,- ասել էր տատը, որ իր հեքիմ սկեսուրից ժառանգած գիտելիքներ ուներ բույսերի քնքուշ գեղեցկության հետևում թաքնված բժշկական գաղտնիքներից: Եթե տանը մեկը հիվանդանում էր, բժշկից առաջ նախ տատի ձեռքը ու նրա դեղ ու դարմանին էր վստահությամբ հանձնվում: Եվ, սովորաբար, այլևս բժշկի կարիք չէր էլ զգացվում: - Անունը Ճարճատուկ է, մի անուն էլ ունի…,- տատը մի փոքր դադար էր տվել,- լեզվիս ծայրին է… Հա, հիշեցի` Եղըրդակ է, Ե-ղըր-դակ, -գլխով հաստատելու նշան անելով ավելացրել էր տատը:


ՙԱյսքան քնքուշ ծաղկին հարմար անուններ չեն: Ավելի լավ է ես սրան հենց Երկնագույն ծաղիկ էլ կոչեմ՚. ինքն իրեն վճռել էր Արփին:
Հեռվում` դաշտից այն կողմ փողոցն էր. մարդկանց ու մեքենաների եռուզեռով: Աղջիկը քայլեց այդ ուղղությամբ դանդաղ-դանդաղ: Ուզում էր երկարաձգել ծաղիկների հետ զրույցը: Հաճախ էր այստեղ գալիս ու նրանց հետ հիշում զինվորին, ի°ր զինվորին…


ՙԷլ ոչ մեկի չեմ սիրելու… Մեկ անգամ սիրեցի ու վերջ: Այնպես որ` ուզես, թե չուզես պետք է սպասես ինձ՚,- իբրև կատակով, բայց միանգամայն լուրջ ու պարտադրող տոնով շշնջացել էր Վարդանը պատերազմ գնալուց առաջ ու տաք ափը մխրճել աղջկա սև մազերի ալիքների  մեջ:
ՙՆամակներիս պատասխանները չուշացնես, - ավելացրել էր զինվորը` բազուկներով օղակելով աղջկա մեջքը: - Գիտե՞ս ինչ դժվար է հեռվում սպասելը՚:


Երկուսն էլ հեռվում չէին եղել: Արփին գլխով էր արել. ՙԳիտեմ՚:


–   Զինվորը կգա… զինվորը չի գա, -Արփին հերթական ծաղիկն էր մերկացնում իր կապույտ թերթերից:


ՙԻսկ եթե դո°ւ չսպասես… մեկ էլ մի լեռնցի աղջկա գտնես ու էլ չգա՞ս…՚,- հիմա էլ Արփին էր իբրև  կատակով, բայց ներքին լուրջ անհանգստությամբ հարցրել …Եվ մտքում բնավ էլ լեռնցի աղջիկը չէր, այլ… պատերա՜զմը:


Վարդանը չէր հասկացել աղջկա չասածը ու. ՙԱյլևս երբեք նման բան չասես: Ես գնում եմ զինվոր դառնալու, երկրիս լեռների կրծքին հետքերս թողնելու, էդ շուն, էդ թուրք  ազերիներից իմ ու քո երկիրն ազատելու: Գիտե՞ս ինչ լուրջ բան է զինվոր լինելը՚:


Արփին չգիտեր, բայց արդեն տեսնում էր` մանկությունից իր ճանաչած այն վտիտ տղա Վարդանը, օրերի մեջ դարձել էր առնական, ինչ-որ խրոխտ վեհություն էր գումարվել նրա խելացի ու լավ տղա լինելու կերպարին:


ՙՇատ եմ կարոտելու… Տեր Աստված… առանց քեզ տեսնելու ո՞նց պիտի ապրեմ…՚. մրմնջացել էր տղան գրեթե ականջի տակ ու… մոտեցրել դողահար շուրթերը:


Աղջիկը մինչ այդ չէր էլ պատկերացրել, որ… շուրթերը կարող են այրվել, որ…ափերը կարող են այրվել, որ սիրտը կարող է այրվել ու մխալ, ու ինքը ողջ` ոտքից -գլուխ` կրակված տատի պատմած Աստվածաշնչյան այն անկեզ մորենու պես, կարող է այրվել ու … չվերջանալ:
Այդ օրը, երբ տուն էր վերադառնում` ձեռքին Վարդանի քաղած երկնագույն ծաղիկների փունջն էր, որն արդեն չորացած դեռ պահում է փոքրիկ ծաղկամանի մեջ: Թեպետ ամեն ամռան`  Երկնագույն ծաղիկների ամսին,  կապույտը դարձյալ ալիք է տալիս ամենուր:
ՙԱրփիս, իմ արև, չանհանգստանաս, ես լավ եմ…  Իսկ դուք ո՞նց եք այդ ցրտերին դիմանում: Վառելիք ունե՞ք: Քեզ լավ նայիր: Սիրտս հպարտությամբ է լցվում, երբ, դիրքերում հերթապահելիս,  մտածում եմ, որ քո քունն եմ հսկում… Դու գոնե զգո՞ւմ ես, որ երբեք դեռ քունդ այսքան խաղաղ ու հանգիստ չէր եղել: Լավ բան է զինվոր լինելը. սովորում ես քո երկրի ամեն մի քար ու կոշտին տիրոջ պես նայել:  Արցախը հրաշք տեղ է, ամռանը ծաղիկները ծփում են լեռներին, ու նրանց լանջերին ասես վարդագույն մշուշ իջած լինի՚. ծաղիկների ու լեռների մասին էր գրում  պատերազմի դաժան ու մահահոտ թոհուբոհում օրը մի քանի անգամ կյանքը վտանգող Վարդանը:


ՙՏեսնես շա՞տ է փոխվել այն սևուկ տղան՚. ինքն իրեն հաճախ հարց էր տալիս Արփին…ՙՏեսնես ո՞նց է՚. արդեն վախվորած ու զգուշավոր ավելացնում էր ամենակարևոր հարցը:


Դասերի գնում էր ոտքով, գրեթե բոլորն էին` ոմանք անգամ քաղաքի մի ծայրից մյուսը, ոտքով գնում…Դա  սովորական բան էր արդեն… Մայրաքաղաքի մայթերով ձգվում էին գլխահակ քայլողների շարքերը: Լավ է, համալսարանը հեռու չէր իրենց շենքից. մի չորս կանգառ էր: Հաճախ շեղվում էր ճամփից ու մտնում եկեղեցի:  Վառում էր մոմերը, նստում մի անկյունում և էլ չէր ուզում դուրս գալ: Եթե տանեցիներին անհանգստացնելու միտքը չլիներ, այդպես էլ կմնար նստած եկեղեցու կիսամթան մեջ… Այդտեղ ապահով էր: ՙՏեր Աստված, օգնիր ու պահպանիր Վարդանին: Աստված ջան, բոլորին օգնիր՚:


Էլեկտրականությունը օրը մեկ կամ երկու ժամ էին միացնում: Այդ պահին ամբողջ թաղը թնդում էր դրսում խաղ արող երեխաների ուրախության ճիչերից. ՙՈւռռա՜… լույսերը տվի՜ն՚:


 Առանց այն էլ դասերին կենտրոնանալ չէր կարողանում, դեռ մյուս կողմից էլ ձմեռվա շուտ մթնող օրերն էին  կարճում դաս ու  գրքի հետ լինելու պահերը: Ցուրտ ու մութ տան մեջ մնում էր միայն մինչև քուն մտնելը անկողնում երկար ժամեր կուչ եկած շուռումուռ գալ… ու …մտքերի մեջ ընկնել:


Սովորաբար զոհվածների անուններ չէին հաղորդում. ո՞ր մեկինն ասեին: Բայց այդ օրը, չգիտես  ինչու, հենց ռադիոն միացրեց…հնչեց.  ՙԸնկան հերոսի մահով…՚. և անուններ սկսեցին  թվել … Սիրտը կծկվեց, լարված լսում էր… ու մեկ էլ … իր համար ամենաթանկ անուն ազգանունը…Ոտքերը թուլացան, ծալվեցին, մի կերպ նստեց մոտիկ բազկաթոռին: Քույրը` Մարիամն էլ էր լսել ու իրար անցավ:


–   Արփի ջան, -գրկեց աղջկա ուսերը,- հանգստացիր…


Բայց Արփին ոչինչ չէր անում… քարացած նստել էր…Քիչ անց միայն իր մեջ ուժ գտավ զանգահարելու Վարդանենց տուն: Լսափողը տղայի փոքր քույրը վերցրեց ու  ոգևորված պատմում էր եղբոր վերջին նամակից:


ՙԴեռ չգիտեն՚. մտածեց Արփին, նստեց նավթավառին ավելի մոտ ու անշարժ  հայացքը հառեց մի կետի: Հոսող րոպեներն այլևս իմաստազուրկ էին…այլևս կյանք չէին…Հոգու մեծ մասը,  լցված էր նրանով ու հիմա դատարկ է… Բայց ինչո՞ւ մեծ մասը …ամբողջը այլևս չկար…


–   Հանգստացիր, -անընդհատ ասում էր Մարիամը, -հանգստացիր,- ու դեսից դեն էր գնում, սենյակից-սենյակ, ինչ-որ բաներ չրխկացնում, վերցնում-դնում, հետո նորից գալիս ու նստում էր քրոջ կողքին,-հանգստացիր…


Բայց աղջիկը հանգիստ էր…չափից ավելի հանգիստ…


–   Հանգստացիր, -քույրը ուրիշ բան չէր գտնում ասելու:


Արփիի մեջ ոչ մի շարժում չկար…անգամ մտքեր չկային…Միայն ինչ-որ ներքին դող էր մարմնի մեջ կծկված տրոփում..


Մայրը մոտիկ խանութում էր աշխատում, ընդմիջման ժամին տուն եկավ ու սարսափեց աղջկա տեսքից: Այս ու այնտեղ զանգեց, նորից հագնվեց ու դուրս վազեց: Մարիամը քրոջը մենակ թողնել չէր կարող ու մնաց տանը, բայց տեղավորվեց հեռախոսի մոտ և աչքը նրանից չէր կտրում:


Որքան էր անցել` մե՞կ ժամ, երկո՞ւ…տան սարսռազդու լռության մեջ վերջապես  հնչեց հեռախոսազանգը: Մարիամը վերցրեց այն ու.


–   Մամ, ճի՞շտ ես ասում, մամ, նորից կրկնիր:


Հետո ուրախությունից իրեն կորցրած մոտ վազեց ու գրկեց քրոջը.


–   Արփի, Արփի, լսո՞ւմ ես… Վարդանը չի, ուրիշ զինվոր է նույն անուն ազգանունով… Ու դեպքն էլ Մարտակերտում չի եղել… լսո՞ւմ ես…Վարդանը ողջ է…


Արփին դեռ անթարթ նայում էր  ժամեր առաջ տեսադաշտում ամենահարմարը գտած կետին, ու…պահեր անցան, մինչև քրոջ խոսքերը հասան նրա գիտակցությանը: Հայացքը կտրեց կետից ու հառեց Մարիամի աչքերին:


–   Ճի՞շտ…


–   Հաստատ: Հասկացիր: Ուրիշն է:


–Ուրի՞շը… Վարդանը ո՜ղջ է,- հնչեց Արփիի մետաղական ձայնը:


Մի քանի պահ էլ անցավ, մինչև հավատաց լսածին… Հետո հանկարծ փլվեց ու… արցունքները դուրս հորդեցին: Հեկեկոցից ցնցվում էին ուսերը: Քրոջը հանգստացնելու Մարիամի ջանքերն իզուր էին:


 Լալիս էր ցավից, որ ինչ-որ տեղ ՙզինվորը չեկավ՚, լալիս էր ուրախությունից, որ իր զինվորը ողջ է, լալիս էր` արցունքների հետ իր միջից դուրս մղելու համար դողը…պարզապես լալիս էր…


Ու մի երկու ժամ այդպես հեկեկաց…


Երբ Վարդանը տուն վերադարձավ, ամառ էր ու երկնագույն ծաղիկների ամիսը:


–Հաղթեցինք, Արփի… Չ՞է որ խոստացել էի քեզ ու մարտերի դժվար պահերին այդ խոստումի ուժով էի կռվում: Տեսա՞ր, որ հաղթեցինք ու…եկա…


Արփին նայում էր երկնառաք կապույտով զարդարուն դաշտին. ՙ Եթե իմանայի այն զինվորի շիրիմի տեղը, ծաղիկներ կտանեի՚. մտածեց, բայց Վարդանին ոչինչ չասաց, միայն սեղմվեց նրան, կուչ եկավ այդ առնական, ուժեղ տղամարդու, հաղթած զինվորի գրկում, փակեց աչքերը… ու ասես ոչ աշխարհում, ոչ իր մեջ այլևս ոչ մի պակաս բան չկար:

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...

Պատմության էջերից Հիշարժան տարեթվեր
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ

Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...

ՆԱՆԵ. Նոստալգիա
ՆԱՆԵ. Նոստալգիա

Ես քեզ որոնեցի երեկ գիշեր նորից,
Թեկուզ մեր այն վերջին...

ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր
ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր

 Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...

ՆԱՆԵ. Վերադառնամ...
ՆԱՆԵ. Վերադառնամ...

…Վերադառնամ դաշտը այն բաց .

Բաղեղները հյուսած ծամիս`

Սպասեմ քույր մուսաներին...

ՆԱՆԵ. Երկուսը
ՆԱՆԵ. Երկուսը

Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը  տոկոսների հետ աճում  ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...

ՆԱՆԵ. Երկիրս
ՆԱՆԵ. Երկիրս

Ինչ էլ լինի`  ծաղկելու է ծիրանենիդ.

Ծիծեռնակը ծանոթ քիվին –              

                   նորոգելու բույնը իր հին,

Պայթելու է հունդը հողում...

Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին
Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին

Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...

Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մեկ դար... Մեկ կյանք...
Մեկ դար... Մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ